ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռանկար չի տեսնում, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահը նման կարծիք հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում:
«Դրա հեռանկարն ուղղակի չի երևում»,- ավելացրեց Քոչարյանը:
Միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը դրական է գնահատում Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությունները:
«Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ զսպել Ադրբեջանի քայլերը, այո, դրական եմ համարում, բայց ես ուզում եմ իրատես լինենք: ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի վրա շեշտակի նվազել է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որևէ մեկին չի լսում: Եվ Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ որևէ զանգերի հետ հույս չկապեք: Ակնարկն ո՞ւմ է ուղղված: Հասկանալի է, չէ՞: Հիմա այս վիճակը պետք է ճիշտ գնահատել և մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չընկնել և ասել ՀԱՊԿ-ն չկա, Ռուսաստանը չկա, ուրեմն գնանք Ֆրանսիայից օգնություն խնդրենք»,- ընդգծեց Քոչարյանը:
Երկրորդ նախագահի կարծիքով՝ լավ կլինի, եթե հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական խումբ ուղարկեն, հայտարարություն անեն, բայց հողի վրա իրական հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը կաշկանդված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերը նվազել է նաև նրա ռազմավարական դաշնակից Հայաստանի պարտության պատճառով:
«Ռուսաստանը նաև այսօր փորձում է նման կարգի (ռազմավարական- խմբ.) հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ: Հիմա մեղադրենք Ռուսաստանին, թե ինչո՞ւ է իր ազգային շահերից բխող քայլեր ձեռնարկում, անիմաստ է: Սրե՞լ Ռուսաստանի դեմ մեր հանրությանը, դա ավելի վատ կլինի մեզ համար»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանը Ռուսաստանի հետ ավելի ակտիվ աշխատելու անհրաժեշտություն է տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանին պետք է ցույց տալ, որ նման քաղաքականությամբ կարող է կորցնել Հայաստանը: «Այո, պետք է համոզենք, պետք է աշխատենք»,- հավելեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ճիշտ գնահատի Ռուսաստանի հնարավորությունների սահմանը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում: «Ոչ միայն ֆիզիկական հնարավորությունները, այլ հնարավորությունների սահմանը, որտեղ սկսվում են հակասությունները Ռուսաստանի ազգային շահեի հետը: Իրենք դա ձևակերպել են, իրենք Ադրբեջանին համարում են դաշնակցային պետություն Ռուսաստանի համար և, ըստ այդմ, փորձում են կառուցել իրենց քաղաքականությունն Ադրբեջանի հետ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դա իրականություն դարձավ այն ժամանակ, երբ Հայաստանը թուլացրեց իր դիրքերը տարածաշրջանում:
Երկրորդ նախագահի կարծիքով՝ Հայաստանում հակառուսականություն գեներացնելու վահանակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքերում է:
«Պատկերացրեք, ամիսը մեկ անգամ հարձակում Հայաստանի վրա, կորուստներ, և ամիսը մեկ անգամ Հայաստանի իշխանությունները դիմում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին: Հինգ այսպիսի ալիքներ և հակառուսականությունը շատ լուրջ արմատներ է գցելու, ինչը մեզ լավ տեղ չի տանելու հաստատ: Աշխարհը փոխվելու է, բայց Ռուսաստանը մնալու է մեր ռազմավարական գործընկերը»,- եզրափակեց Քոչարյանը: