ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վանաձոր համայնքի 1999-2016 թվականների ընթացքում ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Դարբինյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքումՎանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
«Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանը, անտեսելով քաղաքացիներիև իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) սահմանող Հողային օրենսգրքի ցանկը և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունըբնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։
«Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ղեկավարը ստորագրությամբ վավերացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված պաշտոնական, բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը»,-տեղեկացրին դատախազությունից:
Սամվել Դարբինյանը ավագանու անդամներից թաքցրել է հողամասի գործառնական նշանակությունը առանց լիազոր մարմնի համաձայնության փոխելու հանգամանքը, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է:
«Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերեսյանին, և գրանցվել սեփականության իրավունքը:Այսպիսով, Վանաձոր համայնքին պատճառվել է էական վնաս, ամայնքը զրկվել է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշված արարքները կատարելու համար Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա ՍամվելԴարբինյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար (գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս):
Նկատի ունենալով, որ վերը նշված հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքն առաջացել է հանցագործության կատարման արդյունքում՝ գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք:
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: