Ռազմական հանցագործությունների մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն. Տոյվո Կլաար
2 րոպեի ընթերցում
![Ռազմական հանցագործությունների մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն. Տոյվո Կլաար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1092821.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն ընդգծել է, որ այդ հաղորդումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
Նա նշել է, որ անհանգստացնող հաղորդումներ են ստացվում վերջին մարտերի ընթացքում քաղաքացիական անձանց թիրախավորող բռնությունների և ռազմական հանցագործությունների մասին: «Մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- «Թվթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը:
Նա հայտնել է, որ վերադարձել է Բրյուսել Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ «Բարդ և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում էր: Շատ խնդիրներեն մնում չլուծված, բայց հույս կա, որ հրադադարը կպահպանվի»,- գրել է նա:
Կլաարը նաև հավելել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատանքը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս: