Պաշտոնական

Հայաստանի վարչապետն ու ՎԶԵԲ նախագահը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու ՎԶԵԲ նախագահը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել:

Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանը, այդ թվում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաև տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ, ինչի արդյունքում տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարձրացել է 11-րդ հորիզոնական:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կնպաստի մեր երկրում հետագա տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը:

ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում