ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ոչ մի հանգամանք չի կարող իրենց շեղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»,- գրել է Հարությունյանը: