Հասարակական

Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկել գործարարության և կրթական ոլորտի հարցեր

3 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկել գործարարության և կրթական ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը ներկայացրել է աստղադիտարանի հնարավորությունները, կատարվող աշխատանքները և նոր նախաձեռնությունները։ «Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացվել է մեծ գիտնականի աշխատասենյակը, Համբարձումյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ։ Աննա Հակոբյանին ցուցադրել են նաև մեծությամբ երկրորդ դիտակը, որի բացմանը 1961թ-ին ներկա է եղել Նիկիտա Խրուշչովը։ Դիտակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական արժեքների շարքին, և այն վերսկսվել է գործարկումը 2010թ-ից։ Աստղադիտարանում հայտնել են, որ այս տարի արցախցի դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է ամառային գիտական ճամբար, որից հետո անցկացվել է նաև ավանդույթ դարձած բյուրականյան 8-րդ գիտաճամբարը։

Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով աստղադիտարանի տնօրինությանը հյուրընկալության, գրքեր և դիտակի մանրակերտ նվեր ստանալու համար, խոստացել է առաջիկայում կրկին այցելել աստղադիտարան։

Աննա Հակոբյանը համալիրում գտնվող պլանետարիումում հանդիպել և զրուցել է երեխաների հետ,դիտել տիեզերքի մասին գիտակրթական ֆիլմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինն այցելել է նաև Բյուրականի արվեստի ակադեմիա, որտեղ նրան դիմավորել էակադեմիայի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Ի պատիվ վարչապետի տիկնոջ այցելության՝ կազմակերպվել է համերգ՝ «Նոր անուններ» ծրագրի տաղանդավոր սաների մասնակցությամբ։

Նշվում է, որ համերգից հետո Աննա Հակոբյանը հանդիպել է մարզի գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Չրագործությամբ, զբոսաշրջային, հյուրատնային բիզնեսով զբաղվող կանայք վարչապետի տիկնոջն են ներկայացրել իրենց բիզնես գործունեությունը և արտադրանքը:

Կրթական ոլորտի ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները Աննա Հակոբյանին հայտնել են, որ վերջին երկու-երեք տարիներին պետական աջակցությամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել՝ հիմնանորոգվել են դպրոցներ, ջեռուցման համակարգեր են տեղադրվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում