«Ռոմեո և Ջուլիետ» բալետը համալրեց Երևանի օպերային թատրոնի խաղացանկը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովի ծննդյան օրը՝ օգոստոսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացման առաջնախաղը՝ Վինոգրադովի բեմադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով, «բրավո» վանկարկումներով ընդունեց Վինոգրադովի բեմադրական նոր ու հետաքրքիր լուծումներով, նվագախմբի և բալետի արտիստների փայլուն մեկնաբանությամբ ու վառ կոստյումներով հարուստ ներկայացումը:

Բալետը դիտելուց հետո բեմ բարձրացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա խոստովանեց, որ երեկոյի ողջ ընթացքում մտածել է, թե կա՞ ավելի գեղեցիկ ու կատարյալ արվեստ, քան բալետն է: «Բալետը համադրում է բոլոր արվեստները՝ ճարտարապետությունը, կերպարվեստը, երաժշտությունը, դրամատուրգիան և մարմնի արվեստը: Ցանկանում եմ շնորհավորել մեզ, որ մեր հանրային կյանքում կայացավ գեղեցկության մի փաստ ևս»,-նշեց փոխնախարարը՝ շնորհավորելով նաև նվագախմբին՝ ի դեմս դիրիժոր Կարեն Դուրգարյանի, բալետի արտիստներին և Օլեգ Վինոգրադովին:

Դիմելով Օլեգ Վինոգադովին, որը բեմում էր՝ Խզմալյանը շնորհավորեց նրան և՛ բեմադրության, և՛ ծննդյան առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ոգեշնչում:

Փոխնախարարն ընթերցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ Վինոգրադովին ուղղված շնորհավորական նամակը, որում նախարարն ընդգծել էր՝ անսահման ուրախ են, որ Վինգորադովի նման վարպետը, որը բալետում կարողանում է համադրել սեփական ու համաշխարհային փորձը, հենց Հայաստանում է նշում իր հոբելյանը: Դումանյանը վստահություն էր հայտնել, որ օպերային թատրոնի և Վինոգրադովի համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի արտիստների վարպետության կատարելագործմանն ու թատրոնի զարգացմանը:

Վինոգրադովը, որը կես դար առաջ Երևանի օպերային թատրոնում բեմադրել էր «Ռոմեո և Ջուլիետ» բալետը, շատ հուզված էր և ոգևորված ջերմ ընդունելությունից: Նա ասաց, որ ընդամենն 85 տարեկան է և իրեն այնքան դուր եկավ Երևանում ծննդյան օրը տոնելը, որ ամեն տարի տարեդարձն այստեղ կնշի:

«Ես վաղուց նման ստեղծագործական բավականություն չէի ստացել՝ աշխատելով բալետային խմբի հետ, այնինչ աշխարհի տարբեր թատերախմբերի հետ եմ համագործակցել: 52 տարի առաջ ծանոթացել եմ ձեր հրաշալի երկրին, քաղաք-տոն Երևանին, որն այս տարիներին ավելի լավն է դարձել: Այն հյուրընկալությունը, որին արժանացա և՛ 52 տարի առաջ, և՛ այս անգամ, անգնահատելի է: Մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ կես դար առաջ, ինձ գտան, եկան թատրոն, հյուրանոց, ինձ հյուրընկալեցին գյուղում, ինձ համար տոն կազմակերպեցին: Նրանք ինձ հիշել են»,-պատմեց բալետմայստերը:

Վերադառնալով թատրոնին՝ նա շեշտեց, որ օպերային թատրոնն ունի փայլուն, միջազգային չափանիշներին համապատասխան թատերախումբ: «Կարևոր է, որ այս հրաշալի պարողները, որոնք կարճ ստեղծագործական կյանք ունեն, հպարտանան նրանով, ինչով զբաղվում են, որտեղ աշխատում են ու հարստացնեն իրենց հողն ու երկիրը՝ երբեք չհեռանալով այստեղից, ինչպես ես»,-ընդգծեց Վինոգրադովը՝ հորդորելով բոլորին սիրել բալետը:

Երեկոն, որը շատերը կհիշեն, եզրափակվեց նվագախմբի՝ «Ծնունդդ շնորհավոր» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետև բալետի պարողներն ու նվագախումբը տորթ բարձրացրին բեմ՝ փորձելով տոնն առավել հիշարժան դարձնել թե՛ հանդիսատեսի, թե՛ Վինոգրադովի համար:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն Español Русский

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին