Տևական խաղաղության հաստատման համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում. ԵԽ պատվիրակության ղեկավար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակական և տևական խաղաղությունը կարող է հաստատվել միայն համակողմանի լուծումների արդյունքում, և դրա համար իրական ու անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպումներից հետո այսպիսի տեսակետ ներկայացրեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, որի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցով Երևանում է:

«Մեր հայ գործընկերների հետ քննարկումները շատ օգտակար էին՝ ավելի լավ հասկանալու այն մտահոգությունները, որ Հայաստանը ունի ներկա իրավիճակում՝ անվտանգության, մարդասիրական խնդիրների կապակցությամբ: Շատ հստակ է, որ շարունակական խաղաղությունը կարող է ձեռք բերվել համակողմանի լուծումների արդյունքում: Սրա համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: Այս ջանքերը պետք է հիմնված լինեն քաղաքական կամքի և հանձնառության վրա՝ իրականացնելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս: Մեր այցը շատ հստակ ցուցիչ է այն կարևորության, որը մենք, որպես Եվրամիություն, վերագրում ենք ամբողջ Հարավային Կովկասին», - հայտարարեց Մքալիսթերը:

Տվյալ համատեքստում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահը կարևորեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններում:

«Այս նախաձեռնության շրջանակներում վարչապետ Փաշինյանը ապրիլին և մայիսին Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ», - հիշեցրեց Մքալիսթերը՝ հավելելով. « Մենք հուսով ենք, որ Եվրամիության ներդրումը օգտակար կլինի երկարատև խնդիրները լուծելու և տևական խաղաղության հաստատման ճանապարհը հարթելու գործում»:

Դեյվիդ Մքալիսթերը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը արտահայտել է իր տեսակետը թեմայի վերաբերյալ ընդունված մի քանի բանաձևերով: Մասնավորապես՝ 2021 թ. մայիսին Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև հայ ռազմագերիներին մասին՝ Ադրբեջանից պահանջելով առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Իսկ 2022 թ. մարտի 10-ին ընդունել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով:

Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է եկել տարածաշրջանային այցով: Երևանում պատվիրակության 6 անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետի, խորհրդարանի նախագահի, փոխխոսնակի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև՝ Ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Մինչ այդ պատվիրակությունը եղել էր Ադրբեջանում և Վրաստանում:

Հայերեն English Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին