Հանրապետության նախագահը ՀՊՏՀ-ում մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:

Նախագահը շնորհավորել է ապագա տնտեսագետներին և հաջողություններ մաղթել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, իր խոսքում նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Ես նայում եմ հիմա բոլոր այն մարդկանց, ովքեր համարվում են շրջանավարտ և ուզում եմ հասկանալ, թե ինչ զգացմունք կա նրանց մեջ, որովհետև ուզում եմ ինձ ձեր տեղում պատկերացնել 1980 թվականին, երբ ես շրջանավարտ էի: Ավարտում էի այն ժամանակվա Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, որի իրավահաջորդը համալսարանն է:

Տարբերությունը շատ մեծ է, բացի ժամանակից, բովանդակության առումով էլ: Այն ժամանակ մենք Խորհրդային միության մի մաս էինք, հիմա դուք Հայաստանի Հանրապետության, անկախ պետության Պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներ եք:

Ամենակարևոր ձեռքբերումը, որ կա, որի գնահատականը դեռևս ամբողջապես չենք գիտակցել՝ դուք ազատ մարդիկ եք, ամբողջապես ազատ մարդիկ եք: Այսօր ձեր կյանքում մի շատ կարևոր իրադարձություն է կատարվում, դուք ստանում եք դիպլոմ և ձեր կյանքի մի էջը փակվում է և սկսվում մեկ այլ էջ, որը շատ ավելի հետաքրքիր է լինելու իր անակնկալներով, իր լավ ու վատ կողմերով, բայց համոզված եմ նաև՝ ձեր համար ձեռքբերումներով:

Ինչքանով ձեր հաջորդ էջը կբացվի լավ, ինչքանով դուք հաջողակ կլինեք, ինչքանով դուք իսկապես ինքներդ բավարարված կլինեք ձեր տեղով հասարակության մեջ, պետության մեջ, կախված է ձեզանից: Դուք արդեն ինքնուրույն եք: Սա շատ կարևոր է: Հիշենք մի բան, որ դուք եք լինելու ձեր կյանքի կերտողը, մինչ հիմա է, գուցե էլի ինչ-որ ժամանակ ձեզ օգնողներ են լինելու, ձեզ ուսուցանողներ են լինելու՝ ձեր ծնողները, ձեր դպրոցի ուսուցիչները, համալսարանի դասախոսները, բայց կյանքի հետագա շրջանում դրանք ավելի քչանալու են և դուք ինքներդ եք ավելի պատասխանատու լինելու ձեր արարքների համար:

Եվ այն ազատությունը, որ դուք ստացել եք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դա նաև պատասխանատվություն է նրա համար, թե ինչ եք ստացել այստեղ և ինչպես եք այն կիրառելու: Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, ունեք ուժ, կորով, երիտասարդ եք, ունեք նախաձեռնություններ, մեծ հնարավորություններ և ամենակարևորը՝ երազանքներ և դուք այդ երազանքներն իրականացնողներն եք լինելու:

Ես էլի կրկնում եմ՝ ձեզնից է կախված այդ երազանքների իրականացումը և թե ինչ հաջողություններ կունենաք:

Ես համոզված եմ, որ այն գիտելիքները, որ դուք ստացել եք այս տարիների ընթացքում, դրանք իսկապես պետք են լինելու ձեր կյանքում և մասնագիտական առումով, և մարդկային առումով, որովհետև համոզված եմ, որ համալսարանում իսկապես արժանի մարդիկ են եղել ձեր դասախոսները:

Ես շատերին ճանաչում եմ, շատերի հետ սովորել եմ, գիտական գործունեությամբ եմ զբաղվել, և գիտեմ, որ այդ մարդիկ պատասխանատու են վերաբերվում իրենց մասնագիտությանը: Համոզված եմ, որ դուք իսկապես կդառնաք Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ, կլինեք մարդիկ, որոնք մեր երկիրը կդարձնեն ավելի լավը, մեր երկիրը կզարգացնեն, որովհետև մեր երկրի միակ կարող ուժը դուք եք և ձեր նմանները՝ այսինքն մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ովքեր կրթված են և դրանով կարող են օգնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր հայրենիքին, որպեսզի մենք ապրենք ավելի անվտանգ, լինենք ավելի ուժեղ և իսկապես բոլոր փորձություններին դիմանանք:

Ես սրտանց ձեզ հաջողություններ եմ մաղթում, անձնական երջանկություն, առողջություն և բոլորիս մաղթում եմ, որ մենք իսկապես կարողանանք մեր երկիրը ծաղկեցնել մեր գիտելիքով»:

Հայերեն العربية Français

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել