Քաղաքականություն

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 30-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:

«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է տարբեր մակարդակներում փոխադարձ այցերը և շփումները՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակաբար ընդլայնմանն ու փոխշահավետ բազմոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նույն օրը սերբական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում