Պաշտոնական

ՀՀ վարչապետը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը կարևորել է ՀՀ խորհրդարանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը հավելել է, որ ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում:

Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ փոխգործակցությունը և նշել վերջինիս ակտիվ գործունեությունը վեհաժողովում: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները և բարձր գնահատել 2021թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում