Հասարակական

Լրատվական գործակալությունների մեծ ընտանիքը՝ EANA-ն, կարևորում է անդամների փոխգործակցությունն ու հզորացումը

5 րոպեի ընթերցում

Լրատվական գործակալությունների մեծ ընտանիքը՝ EANA-ն, կարևորում է անդամների փոխգործակցությունն ու հզորացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքը (EANA) համագործակցության, հնարավորությունների, փորձի փոխանակման լավ հարթակ է, որի անդամ են աշխարհի 3 տասնյակից ավելի լրատվական գործակալություններ: «Արմենպրես» այցի շրջանակում զրուցել ենք դաշինքի գլխավոր քարտուղար Ալեքսանդրու Գիբոիի և կառույցի խորհրդի անդամ Քլայվ Մարշալի հետ:

Քլայվ Մարշալը, խոսելով Հայաստան իրենց այցի մասին, ընդգծում է՝ այն կայացել է կառույցին անդամակցության «Արմենպրես»-ի հայտի դիտարկման շրջանակում, հանդիպել են անձնակազմի և «Արմենպրես»-ի գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հայաստանում հետաքրքիր երկու օր են ունեցել՝ ուսումնասիրելով երկիրը, նրա պատմությունը և մեդիան:

Անդրադառնալով կազմակերպության հիմնական առաքելությանը՝ Գիբոին ասում է. «Կազմակերպության գլխավոր նպատակն է անդամների համար ստեղծել համագործակցության և ներքին փոխանակման միջավայր: Դա միջավայր է, որտեղից յուրաքանչյուր անդամ կարող է ինչ-որ օգտակար բան տանել իր գործակալության զարգացման համար»:

Նա նշում է՝ հիմնական արժեքները, որ իրենք ներկայացնում են, լրագրության արժեքներն են, որոնք համարում են ժողովրդավարական հասարակությունների հիմքերից մեկը: «Այսպիսով, մենք փորձում ենք հզորացնել մեր անդամներին՝ դառնալու այս լրագրողական արժեքների դրոշակակիրները՝ ժողովրդավարական հասարակությունների բարելավման ավելի մեծ նպատակի համար, որտեղ նրանք գործում են»,-ասաց նա:

Քլայվ Մարշալն էլ ընդգծում է՝ լրատվական գործակալությունների անկախ, անկողմնակալ, հավասարակշռված լինելու անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ մարդիկ, որոնք սպառում են լրատվական գործակալության բովանդակությունը, պետք է կարողանան վստահել նրանց բովանդակությանը և համարեն վստահելի աղբյուր:

Անդրադառնալով ընդլայնման պլանների մասին հարցին՝ Գիբոյին ասաց, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով կազմակերպությունը դարձել է ավելի թվային, այն ձգտում է ավելի շատ ներգրավվել շահագրգիռ կողմերի հետ: «Անձամբ ես կարծում եմ, որ Եվրոպայում կապերի աճը տարբեր ոլորտներում, ոչ միայն մեդիա ոլորտում, այլև տեխնոլոգիական ոլորտում, խորհրդատվությունը, ամեն ինչ, պետք է լինեն Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքի և մեր անդամների էվոլյուցիայի բանալիներից մեկը: Այսպիսով, ես կարծում եմ, որ ապագայում համագործակցությունն առանցքային է »,-ասում է Գիբոյին:

Մարշալն ընդգծեց. «Իմ լրատվական գործակալության՝ Լոնդոնում գործող «PA Media Group»-ի տեսանկյունից, կարծում եմ՝ կարևոր է, որ մենք կարողանանք մեր փորձն ու հմտությունները փոխանցել մեր կազմակերպության որոշ փոքր անդամների»:

Նա նշեց՝ «Արմենպրես»-ի անդամակցության հայտը հաստատվելու դեպքում, հնարավոր կլինի նաև «Արմենպրես»-ի հետ փոխանակվել տեղեկատվական գիտելիքներով: Այդ հարցը քննարկել են նաև «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանի հետ: «Մենք կարող ենք օգնել «Արմենպրես»-ին զարգանալ և աճել: Կարծում եմ՝ դա լավ է և Հայաստանի համար, և լրատվական գործակալության համար, և լրատվական գործակալության բովանդակությունը սպառողների համար»,-ասաց նա:

Գիբոին նկատեց, որ դաշինքին անդամությամբ պայմանավորված՝ լրատվական գործակալությունների ստացած հնարավորություններն իսկապես մեծ են: Նա սա ասում է ոչ միայն որպես Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքի գլխավոր քարտուղար, այլ նաև որպես Ռումինիայի «Agerpres» լրատվական գործակալության նախկին տնօրեն: Նա փոխգործակցությունը, ցանցային կապը, գաղափարների հասանելիությունը անդամ գործակալությունների համար ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է համարում: «Նրանք մեկուսացված չեն, նրանք մեր մեծ ընտանիքի մի մասն են, մենք բարեկամական ենք միմյանց նկատմամբ, մենք ամեն կերպ օգնում ենք մեր անդամներին»,-ասաց նա:

Մարշալն էլ ընդգծեց կազմակերպության բարեկամական մթնոլորտի, մեծ համայնքի կարևորության մասին՝ ընդգծելով կազմակերպության մեծ օգուտներից է այն, որ կարելի է հանդիպել շուրջ 30 լրատվական գործակալությունների հետ, կիսվել փորձով, մտահոգություններով, հնարավորություններով:

Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքի անդամներ են հեղինակավոր այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են՝ «Ֆրանս պրեսը», իտալական ANSA-ն, «Արմենպրես»-ի գործընկեր բուլղարական BTA-ն, ռումինական «Agerpres»-ը, Կիպրոսի CNA-ը, իսպանական EFE-ն, Անդորրայի, Հունաստանի, Ավստրիայի, Բելգիայի, Սլովակիայի, Դանիայի և այլ երկրների լրատվական գործակալությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում