Հասարակական

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին

4 րոպեի ընթերցում

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար, Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև կանանց տնտեսական զորեղացմանը, Միասնական սոցիալական ծառայության կատարելագործմանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը, սոցիալական ծառայությունների թվային հարթակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

Կարևորելով հայ-շվեյցարական համագործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի ներդրումը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը և Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակին՝ Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու համար։

Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Շվեյցարիայի կողմից փորձագիտական աջակցության կարևորությունը՝ տարբեր բնագավառներում արդյունավետ մոդելների մշակման և դրանց շուրջ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման համատեքստում։ Այդ փոփոխությունների հիմքում նախարարը շեշտել է կյանքի բոլոր փուլերում մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով արժանապատիվ աշխատանքի խթանման սկզբունքը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակ ունի առավել բարելավել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը՝ ՏՏ հարթակների և գործիքների կիրառմամբ: Հաշվի առնելով Հայաստանում Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի զգալի ներդրումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործում՝ նախարարությունը ուրախ կլինի համագործակցել՝ բոլոր վերոնշյալ ոլորտներում համալիր բարեփոխումներ խթանելու նպատակով»,- նշել է նախարարը։

Վերներ Թութը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և կարևորել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակների քննարկման հնարավորությունը։ Վերջինս ներկայացրել է իրենց գործունեության վերաբերյալ մի շարք մանրամասներ, խոսել նախատեսվող ծրագրերի մասին։

Անդրադառնալով Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Վ․ Թութն ընդգծել է պետական ինստիտուտների հզորացմանը, երկրների տնտեսական զորեղացմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նորարական ծրագրերի մշակման և ներդրման հնարավորությունները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը աշխատանքային միգրացիայի և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում