Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Թուրինում հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Թուրինում հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽ նախարարների 132-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:

Հայկական կողմը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը:

Արտգործնախարարները քննարկել են նաև հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր:

Այս համատեքստում կարևորելով առաջիկայում Չեխիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին` ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում