Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ. Արայիկ Հարությունյանի ուղերձը

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՕՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին անձնվիրաբար պայքարեցին մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ։ Մենք հպարտ ենք, որ Հաղթանակի կերտման գործում իր նշանակալի ավանդն է ունեցել նաև Արցախը, որի բնակչության յուրաքանչյուր երրորդը մեկնել է ռազմաճակատ՝ տալով ԽՍՀՄ բազմաթիվ հերոսներ, մարշալներ, ծովակալներ, հրամանատարներ։

Նրանց հերոսական ավանդույթները շարունակել են հետագա սերունդները՝ 30 տարի առաջ կամավորական խմբերից կազմավորելով կանոնավոր բանակ, հաջողությամբ իրականացնելով Շուշիի ռազմագործողությունը և ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը։

Սակայն այսօր Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացվում են և ենթարկվում վանդալիզմի Ադրբեջանի կողմից։ Նրանց նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։

Այսօր Արցախի անվտանգությունը մեր Պաշտպանության բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Մենք խորապես երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ արցախցիների կողքին լինելու և ըստ ամենայնի աջակցելու համար։

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորին այս թանկ ու նվիրական տոների կապակցությամբ և իմ խոնարհումը բերում Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: Հանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ հիշատակի և հանուն գալիք սերունդների՝ Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ։

Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին»:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից