Մարզերի երիտասարդներին նոր գիտելիքներով զինելու համար TCF ընկերությունն իր հնգամյակը կնշի Formula Yegheghnadzor թվային կոնֆերանսով
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TCF հայկական ընկերությունը իր հիմնադրման օրվա կապակցությամբ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է համաժողով, որտեղ տարբեր ոլորտի բանախոսներ կիսվում են իրենց փորձով և հմտություններով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը նշեց, որ այս տարվա համաժողովի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը։
«Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիք և գործիքակազմ, թե ինչպես թվային աշխարհում կառուցել բիզնես՝ թիրախավորելով ամբողջ աշխարհը որպես շուկա, ընդ որում շարունակելով ապրել Վայոց ձորում կամ այլ մարզերում։ Ինչպես նաև աշխատանք գտնել կամ ֆրիլանսինգով զբաղվել աշխարհի տարբեր երկրներում գտնվող կազմակերպություններում»,- նշեց համահիմնադիրը։
TCF ստեղծվել է 2017 թվականին։ Հայ հիմնադիրներով ընկերությունը օգնում է նորարարական պրոդուկտներ արտադրող ընկերություններին իրենց արտադրանքի համար ստանալ ֆինանսավորում և այդ ապրանքները դուրս բերել միջազգային շուկաներ։ Հիմնադիրի խոսքով՝ TCF-ն այս ոլորտում մրցակցում է համաշխարհային ընկերությունների հետ։ Նա վստահեցրեց, որ իրենց ընկերությունը կարող է նպաստել, որպեսզի պրոդուկտը դառնա միջազգայնորեն ճանաչված, ստանա միլիոնավոր դոլարների ներդրում և մուտք գործի արևմտյան և այլ զարգացած շուկաներ։
«Սկզբից սկսեցինք ես և ընկերս՝ Գևորգ Պողոսյանը, հետո մեզ միացան մեր երկու մյուս գործընկերները՝ Մարիամ Համբարձումյանը և Գայանե Գրիգորյանը։ Միջազգային շուկա միայն մեր նկրտումների շնորհիվ ենք հասել։ Սկսեցինք հավատալ, որ ոչ մի բանով պակաս չենք այն ընկերություններից, ովքեր հասնում են հաջողությունների։ Տեսանք, որ մենք էլ կարող ենք ոչ պակաս արդյունքներ գրանցել։ Նոր մոտեցում ու նոր շունչ մտցրեցինք քրաուդֆանդինգի ոլորտ։ Մինչև մեզ, այնտեղ ստանդարտացված մոտեցումներ էին։ Անհատական մոտեցումը մեզ բերեց հաջողության։ Սկսեցինք էկոհամակարգ կառուցել»,- պատմեց Վարդանյանը։
Ընկերությունն իր զարգացման ճանապարհին ներդրումներ չի ստացել։ TCF-ը bootstrapping ընկերություն է։ Հինգ տարիների ընթացքում ընկերությունը 4-ից հասել է մինչև 131 աշխատակիցներով մեծ թիմի։ Համահիմնադիրի խոսքով՝ ընդհանուր առմամբ օգնել են 1000-ից ավել ընկերությունների։
«Մոտեցավ մեր տարեդարձը նշելու օրերը։ Ընկերության համար, որը հասնում է ինչ-որ հաջողությունների, ինչ-որ գիտելիք ու փորձ է ձեռք բերում, լավագույն ձևն իր տարեդարձը նշելու այլ ընկերությունների ու անհատների հետ իր փորձով ու գիտելիքներով կիսվելն է։ Մտածեցինք համաժողովները մարզերում անցկացնելու մասին, որով նպաստում ենք մարզերի զարգացմանը։ Առաջինը Գորիսում կազմակերպեցինք և հաջողեցինք։ Որոշեցինք այն ավանդույթ դարձնել։ Նպատակ ունենք մեր երկրի համար այս ձևաչափը ավանդույթ դարձնել։ Անցած տարի հետևելով մեր փորձին մոտավորապես 10 ընկերություններ այդ ֆորմատով համաժողովներ անցկացրին։ Գորիսի համաժողովից հետո Արտակ Բեգլարյանի խնդրանքով և առաջարկով հաջոր կոնֆերանսն անցկացրինք Արցախում՝ Tech Week Artsakh-ը, դա էլ դարձավ հաջող համաժողով»,- ասաց Վարդանյանը։
Մայիսի 8-ին Եղեգնաձորում կանցկացվի Formula Yegheghnadzor համաժողովը։
Նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը։
Կոնֆերանսին մասնակցությունը անվճար է, գրանցվել հնարավոր է այստեղ։ Հայտնի է նաև համաժողովի օրակարգը։
Formula Yegheghnadzor-ի ընթացքում Եղեգնաձորի ավագ դպրոցում նաև կբացվի Գրքասերների TCF անկյունը՝ նպաստելով տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։ Այն ևս ավանդույթ է ընկերության համար։ Գրքասերների TCF անկյունը հագեցած է լինելու ամենաարդի գրքերով, նաև առցանց ձևաչափով։
Կարինե Տերտերյան