Հասարակական

Կարեն Գիլոյանն ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

3 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանն ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մայիսի 5-ին ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սերբական պատվիրակության կազմում էին Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչը, Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և «Borba» ամսագրի խմբագիր Լիլիանա Ստոյանովիչը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով հյուրերին, հայ-սերբական մարզական հարաբերություններն իր լիազորությունների շրջանակում ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել:

Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է՝ առաջին անգամ է Հայաստանում և մեծ տպավորություններ ունի, իսկ մեր երկիր է ժամանել հատուկ առաքելությամբ.

«Գիտենք, որ Հայաստանում շախմատը դասավանդվում է դպրոցում, ու կցանկանայինք այդ օրինակը կիրառել նաև մեր երկրում: Հայաստանը շախմատային մեծ պատմություն և ավանդույթներ ունեցող երկիր է, ու մենք շատ ուրախ կլինենք ձեզ հետ համագործակցության համար: Իմ առաքելությունն է ուսումնասիրել Հայաստանում շախմատի ուսուցման մեթոդաբանությունը և աշխատել այդ փորձը Սերբիայում ևս կիրառելու ուղղությամբ»:

Փաստելով, որ բարեկամների հետ պատրաստ ենք կիսվել մեր փորձով, Կարեն Գիլոյանը նշել է.

«Հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի դասավանդումը, անկասկած, իր դրական ազդեցությունն է ունեցել մարզաձևի մասսայականացման վրա: Կարող ենք հնարավորություն տալ ձեր մասնագետներին այստեղ վերապատրաստում անցնելու, ուսումնասիրելու մեր փորձը: Կարող ենք նաև մասնագետներ տրամադրել Սերբիայում վարպետության դասեր անցկացնելու համար»:

Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և մյուս հյուրերը ևս կարևորել են հայ-սերբական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացման և երկու երկրների միջև մշակութային, սպորտային և կրթական կամուրջների ստեղծման անհրաժեշտությունը:

Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը մայիսի 5-ին կայցելի նաև Հայաստանի շախմատի ակադեմիա և կհանդիպի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում