Գերմանացի գործչի խոսքով՝ Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, գերմանական Յենա քաղաքի նախկին քաղաքապետ (2006-2018 թթ.) Ալբրեխտ Շրյոտերը:

Շրյոտերի տեղեկություններով՝ գերմանացի և թուրք քաղաքական գործիչների միջև յուրաքանչյուր միջոցառման կամ հանդիպման ժամանակ գերմանական կողմը բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանացի գործիչը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Գերմանիայի գործադրած ջանքերը կնպաստեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունմանը:

Յենայի նախկին քաղաքապետին հուսադրում է նաև այն փաստը, որ գնալով աճում է այն թուրք գիտնականների, գրողների, արվեստագետների, հասարակական գործիչների թիվը, ովքեր սկսել են հետաքրքրվել Հայոց ցեղասպանության պատմությամբ և դրան առնչվող փաստերով:

«Մենք պետք է աջակցենք այս մարդկանց Թուրքիայում, ուստի ես կարծում եմ՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է լինել շարժում ներքևից՝ ստիպելու կառավարության ճանաչել հայերի ցեղասպանությունը», - նշեց գերմանացի գործիչը:

Ալբրեխտ Շրյոտերը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: 2016 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 25-ամյակը, նա Երևան էր բերել Յենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ համերգ տալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս անգամ Շրյոտերը եկել է մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Ապրիլի 24-ին նա բարձրացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ասում է, որ իր համար դա շատ կարևոր է, քանի որ որպես գերմանացի ինքը մեղավորություն է զգում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին Գերմանիայի մեղսակցության համար: Ալբրեխտ Շրյոտերը շեշտում է գերմանացիների կողմից այդ մեղքի գիտակցումն ու ընդունումը նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

«Ինչպես գիտեք՝ Գերմանիան այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր: Դա սարսափելի մեղք է: Ես սրտի մեծ ցավով եմ վերաբերվում դրան եւ կարծում եմ, որ մենք՝ գերմանացիներս, պետք է ընդունենք այդ մեղքը: Ուստի ինձ համար սա ուխտագնացության պես մի բան է՝ խորհելու իմ ժողովրդի այդ մեղսակցության մասին», - բացատրեց գերմանացի գործիչը:

Գերմանիայի Բունդեսթագը՝ դաշնային խորհրդարանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը ընդունել է 2016 թվականի հունիսի 2-ին:

1915-1923 թթ. երիտթուրքական կառավարությունը, այնուհետև նրանց փոխարինած քեմալականները սիստեմատիկ կերպով սպանել և բնաջնջել են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում ապրող մոտ մեկուկես միլիոն հայ: Հայության մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ է եղել, կա՛մ մազապուրծ լինելով երիտթուրքերի և նրանց դաշնակից ուժերի վայրագություններից՝ ապաստան է գտել աշխարհի տարբեր երկրներում:

Մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությունը անվանում են Հայոց ցեղասպանություն: Անատոլիայում ապրող հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների ֆիզիկական բնաջնջման և էթնիկ զտումների միջոցով երիտթուրքերը նպատակ էին դրել կյանքի կոչելու պանթուրքիզմի գաղափարախոսությունը եւ ձևավորվող թուրքական պետության տարածքում ստեղծելու էթնիկապես միատարր բնակչություն:

Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զգալի մասը հայրենազրկվեց և փրկություն գտավ աշխարհի տարբեր անկյուններում: Սակայն ի հեճուկս Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և ցեղասպանության մյուս կազմակերպիչների՝ հայ ժողովրդի ամբողջական բնաջնջման ծրագիրը ձախողվեց և աշխարհը չմոռացավ այդ մեծ ոճրի մասին: Այսօրվա դրությամբ աշխարհի 35 երկիր պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նրանց թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Իտալիան, Հունաստանը, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան:

Արամ Սարգսյան

Հայերեն Русский Türkçe

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի

Podcast-Հարց բժշկին. ի՞նչ պետք է իմանալ կրծքագեղձի քաղցկեղի մասին. ե՞րբ և ինչպե՞ս հետազոտվել՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու համար

Հայաստանում առաջիկա օրերին 35 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում

Վարելու իրավունքի վերականգնման և վարորդական վկայականի տրամադրման կարգում փոփոխությունները

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավելի զոհեր ու վիրավորներ

Wildberries-ը օգտատերերի կարծիքների մասում կավելացնի արհեստական բանականությամբ մշակված բովանդակության նշում

Շատ կարևոր ու անկյունաքարային որոշում է ընդունվել. Ավինյանը Երևանում սպասվող խոշոր ներդրումների մասին

Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը

«Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատները