Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցերի

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցերի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Վարչապետը, կարևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:

Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականների համար և վերահաստատել ՀՀ հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել է ԱլԳ ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Ծրագրերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում