Հասարակական

Հայաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:

Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:

Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:

Զրուցակիցները մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում