Կենտրոն վարչական շրջանում բացված նոր սպասարկման սրահում քաղաքացիներին կսպասարկեն ավելի արագ և կանոնակարգված
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն վարչական շրջանում բացվեց արդիականացված սպասարկման սրահ, որը Երևան քաղաքի վարչական շրջաններում առաջինն է բազմաֆունկցիոնալությամբ և նորագույն լուծումներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց նախաձեռնությունը: «Այս հատվածը վարչական շրջանի դեմքն է: Ինչքան էլ բովանդակությունը ճիշտ լինի, եթե ձևը պատշաճ ձևով կազմակերպված չի, տպավորությունը այսպես թե այնպես լավը չի լինելու»,-ասաց նա:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն էլ հավելեց, որ այսուհետ մեկ վայր մտնելուց հետո քաղաքացին իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանա՝ դա կլինի վճարում կատարելու, թե տեղեկանք ստանալու գործընթաց:
«Այն, ինչ նախկինում էր, ուղղակի հարիր չէր, մենք գործ ունեինք 60-ականների ժեկի հետ: Մյուս վարչական շրջաններում ևս նման նախաձեռնություններ կլինեն և հետագա մեր քայլը պետք է լինի բոլոր սրահներն իրար կապելը»,-ասաց Պողոսյանը:
Նորաբաց սրահում ներդրվել է նոր հերթի համակարգ, որտեղ կարելի է նախապես գրանցվել նաև earlyone հավելվածով: Սրահում գործող հերթագրման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս քաղաքացիների սպասարկումը իրականացնել քաղաքակիրթ կերպով` արագ և կանոնակարգված՝ ազատելով քաղաքացիներին սենյակից սենյակ մտնելու անհրաժեշտությունից։ Սրահի կառուցվածքային փոփոխության արդյունքում ավելացվել են բնակիչներին սպասարկող պատուհանները: Քաղաքացիները կարող են կատարել անշարժ գույքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կատարվող փոխադրամիջոցների գույքահարկի և այլ վճարումներ։ Իրականացվում է նաև թույլտվությունների տրամադրման, դիմումների պատրաստման հարցերի հետ կապված խորհրդատվություն։