Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ գիտական խորհրդի հետ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ գիտական խորհրդի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից:

«Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը: «44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա. Հարությունյանը: Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում