Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով:

Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է նախարար Վահան Քերոբյանի և դեսպանի՝ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը, և ընդգծել, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս առաջնահերթությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն․ դրանք են՝ մետալուրգիա, մեքենաշինություն, միկրոէլեկտրոնիկա, քիմիայի ոլորտում՝ կաուչուկի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն։

Դեսպան Միրոսլավ Հացեկն առաջարկել է Եվրամիության անդամ երկիր Սլովակիան դիտարկել որպես եվրոպական հանգույց, որի միջոցով Հայաստանը կկարողանա իր տնտեսական կապն ամրապնդել նաև այլ եվրոպական երկրների հետ։ Նա նաև նշել է, որ Սլովակիայում Հայաստանը դիտվում է որպես զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր՝ բարձր որակավորված մարդկային ռեսուրսով՝ որպես հեռանկարային ոլորտ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման աննախադեպ արագ ընթացքը։

Որպես համագործակցության ուղղություն դեսպանը առանձնացրել է նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կարող է առանձնակի հետաքրքրել սլովակ գործարարներին։ Այս համատեքստում Միրոսլավ Հացեկը տեղեկացրել է, որ առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան, ում կուղեկցեն նաև մի խումբ գործարարներ՝ Հայաստանում համագործակցության հնարավորությունների հաստատման նպատակով։

Դեսպան Միրոսլավ Հացեկը նաև նշել է, որ Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ մեր երկիրը դարձնում են էլ ավելի գրավիչ Սլովակիայի համար։

Հայերեն العربية English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան