Հասարակական

Քրիստիննե Գրիգորյանը և Նիդեռլանդների դեսպան Սխերմերսը քննարկել են ՄԻՊ-ի առաջնահերթություններով համագործակցելու ուղիները

3 րոպեի ընթերցում

Քրիստիննե Գրիգորյանը և Նիդեռլանդների դեսպան Սխերմերսը քննարկել են ՄԻՊ-ի առաջնահերթություններով համագործակցելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 8-ինընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է Սահմանադրական մանդատի հովանու ներքո Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանի ինստիտուտի հանդեպ հանրային բարձր վստահության մակարդակը՝ որպես այդ առաքելությունը հաստատակամորեն իրագործելու լավագույն երաշխիք։

«Դեսպանն իր հերթին ուրախություն է հայտնել Քրիստիննե Գրիգորյանի հետ համագործակցությունը ՄԻՊ առաքելության շրջանակում շարունակելու համար և նշելով Պաշտպանի գործունեության կարևորությունը՝ ընդգծել է, որ իր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը պետության հինգ հիմնասյուներից մեկն է։

Դեսպան Սխերմերսի առաջարկով Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները։ Մասնավորապես՝ մարդու իրավունքներով պայամանավորված անվտանգային միջավայրի խնդիրները՝ ընդգծելով, որ սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Քրիստիննե Գրիգորյանը դեսպան Սխերմերսին ներկայացրել է հետպատերազմական խնդիրներով պայամանավորված՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները։ Անդրադարձել է խտրականության բոլոր ձևերի արգելքի և ընտանիքում բռնության կանխարգելման, ինչպես նաև ատելության խոսքի բացառման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներգրավմամբ արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։

Նշվում է, որ Պաշտպանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առաջնահերթությունը՝ դիտարկելով նրանց, որպես հանրային կյանքին իրենց ավանդը բերելու կարող ուժեր։

«Ներկայացված առաջնահերթությունների ուղղությամբ դեսպանը ներկայացրել է ատելության խոսքի բացառման ուղղությամբ բազմակուսակցական ժողովրդավարության միջոցների կիրառման նիդեռլանդական փորձը, և համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակում փորձագետների ներգրավմամբ նախանշված խնդիրները վերհանելու և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- հայտնում ե ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում