Հասարակական

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 29ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:

Արգիշտի Քյարամյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում:

Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում