Մշակույթ

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 6-ով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 6-ով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության ‹‹Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին›› օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր ներկայացնելու դեպքում նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 45 տարրերից, համալրվում է ևս 6-ով: Դրանք են՝ «Ասեղնագործություն», «Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում», «Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում», «Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը», «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված Տերընդեզ և Վարդավառ տոների մասին տեղեկությունները:

Նշյալ ցանկում ընդգրկված արժեքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի՝ 2021 թ. նոյեմբերի 18-ին կայացած նիստում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ կերպով արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում