Հատուկ նախագծեր

Podcast-FinInForm. Վարկառուի հետ գրեթե հայտնվում եք «նույն կոշիկում». ինչ պետք է իմանալ երաշխավոր դառնալուց առաջ

6 րոպեի ընթերցում

Podcast-FinInForm. Վարկառուի հետ գրեթե հայտնվում եք «նույն կոշիկում». ինչ պետք է իմանալ երաշխավոր դառնալուց առաջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարկառուն և երաշխավորը հավասարապես պատասխանատու են վարկի հետ կապված պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու համար, երաշխավորության պայմանագիր ստորագրելիս քաղաքացին գրեթե հայտնվում է «նույն կոշիկներում», ինչում վարկառուն է:

«Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնիֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսիսյանը ներկայացրել է, թե ինչ պարտականություններ և իրավունքներ է ստանձնում քաղաքացին՝ ինչ-որ մեկի վարկի համար երաշխավոր դառնալիս և թե ի՞նչ իրական ռիսկեր կան:

Երաշխավորության միջոցով ֆինանսական կազմակերպությունը վերահսկում է տվյալ վարկի հետ կապված իր ռիսկերը՝ այն, որ քաղաքացին, հնարավոր է՝ չկարողանա վերադարձնել վարկը:Երաշխավոր կարող է դառնալ չափահաս անձն, ով ունի կայուն եկամուտ։ Երաշխավորը պետք է համապատասխանի բանկի հիմնական պահանջներին` աշխատունակ տարիքի լինի, քաղաքացիություն և գրանցում, մշտական եկամուտ ունենա, որը հաստատված է փաստաթղթերով։ Միաժամանակ, բանկերը կարող են ունենալ նաև տարիքային և այլ սահմանափակումներ:

«Երաշխավոր դառնալու համար կնքվում է երաշխավորության գրավոր պայմանագիր բանկի կամ վարկային կազմակերպության հետ, որից հետո երաշխավորը պարտավորվում է վարկառուի փոխարեն կատարել նրա բոլոր պարտավորություններն այն դեպքում, եթե վարկառուն չկատարի դրանք, և ֆինանսական կազմակերպությունը որոշի պահանջ ներկայացնել երաշխավորին: Սա պայմանավորված է նրանով, որ վարկառուն և երաշխավորը հավասարապես պատասխանատու են վարկի հետ կապված պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարելու համար:

Երաշխավորության պայմանագիրը կարող է ներառել նաև լրացուցիչ պարտավորություններ, որը կարող է ծագել ապագայում, ինչպես, օրինակ, տույժերը և տուգանքները:

Այսպիսով, երաշխավորի գլխավոր պարտականությունն է մարել անվճարունակ պարտապանի պարտքը` տոկոսների, միջնորդավճարների, տուգանքների, տույժերի և այլ հնարավոր ծախսերի հետ մասին։ Փորձագետը շեշտում է՝ երաշխավորությունը միայն բարոյական աջակցություն չէ։ Վարկային պայմանագրի համաձայն՝ երաշխավորը բանկի առաջ կրում է նույնքան պատասխանատվություն, որքան վարկառուն։ Վարկառուի, հետո նաև՝ երաշխավորի կողմից մարման պարտավորությունների չկատարման դեպքում բանկն իրավասու է բռնագանձել նաև երաշխավորի շարժական և անշարժ գույքը։

Հաշվի առնելով, որ շատերը չեն գիտակցում ողջ պատասխանատվությունը՝ ԿԲ-ի կողմից պահանջ է դրվել, որ երաշխավորության պայմանագրում կամ առանձին փաստաթղթով երաշխավորը ձեռագրով նշում է. «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում) երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում) ----- --- գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ վերջինիս կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է նույնիսկ, որ ես զրկվեմ իմ սեփական գույքից»:

Ըստ փորձագետի՝ այս փոփոխություններից հետո ԿԲ-ն շատ հարցադրումներ է ստացել թեժ գծով:

«Մարդիկ սկսել էին գիտակցել, հասկանալ, թե ի՞նչ է երաշխավոր լինելը և ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել»,-ասաց նա՝ հավելելով, որ երաշխավոր լինելը վարկ վերցնելուց գրեթե չի տարբերվում, հեշտորեն պետք չէ մտնել այդ պատասխանատվության տակ:

Երաշխավոր լինելն, ընդ որում, արտացոլվում է քաղաքացու վարկային պատմության մեջ: Այդ պատճառով փորձագետը հորդորում է լավ մտածել՝ որևէ մեկի վարկային երաշխավորը դառնալուց առաջ:

«Պետք չէ մոռանալ, որ վարկի դասակարգման դեպքում երաշխավորը նույնպես ձեռք կբերի վատ վարկային պատմություն։ Անհաջող երաշխավորությունը սպառնում է, այսպես ասած, «փչացնել» երաշխավորի վարկային պատմությունը, ինչը հետագայում կդժվարացնի նրա վարկ ստանալու հնարավորությունը»,-ասում է Ներսիսյանը:

Համաձայն նոր փոփոխությունների, սակայն, ֆինանսական կազմակերպությունը կարող է դասակարգել երաշխավորին միայն այն դեպքում, երբ վերջինիս ծանուցել են՝ գրությամբ ներկայացրել, որ պետք է կատարվի վճարում սահմանված ժամկետում, սակայն երաշխավորը չի կատարել մարումներ: Միայն այս դեպքում կկատարվի երաշխավորի դասակարգում: Նախկինում, անկախ նրանից, ծանուցե՞լ են, թե՞ ոչ, գրաֆիկից ուշացման դեպքում երաշխավորը միանգամից դասակարգվում էր:

Իսկ ի՞նչ խորհուրդ է տալիս փորձագետն այն քաղաքացուն, որի բարեկամը կամ ընկերն առաջարկել է դառնալ վարկի երաշխավորը.

«Երաշխավորության պայմանագիր ստորագրելիս՝ քաղաքացին գրեթե հայտնվում է «նույն կոշիկներում», ինչ վարկառուն է: Ուստի, մինչ երաշխավոր դառնալը կարևոր է՝ չնայած մարդկային հարաբերություններին, վերլուծել՝ արդյոք դուք ֆինանսապես կայուն եք և պատրաստ եք երաշխավոր դառնալուն: Կարևոր է՝ մինչև ստորագրելը ծանոթանալ ձեր բոլոր իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև՝ ռիսկերին: Եթե արդեն տեղյակ եք, որ այդ մարդը նախկինում ունեցել է խնդիրներ՝ պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարելու հետ կապված, ապա ավելի լավ է մերժեք նրան»:

Եթե արդեն դարձել եք երաշխավոր, փորձագետը խորհուրդ է տալիս լինել հետևողական, հետևել ֆինանսական կազմակերպության ծանուցումներին, որպեսզի տեղեկացված լինեք վարկառուի՝ պարտավորությունների կատարման վարքագծին:

Մանրամասների համար առաջարկում ենք լսել պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան

Լուսանկարը՝ Գևորգ Պերկուպերկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում