ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի Team Europe նախաձեռնության շրջանակներում Պորտուգալիան Հայաստանին է փոխանցել Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսված ընդհանուր 400 հազար 140-ից, Հայաստանին է փոխանցվել 200 հազար 70 դեղաչափ:Մնացածը նախատեսվում է ապրիլ ամսվա առաջին կեսին:
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ խմբաքանակը բավականին երկար ժամանակ պահվում էր հատուկ Հայաստանի համար: «Մենք շնորհակալ ենք Լեհաստանին համակարգող դերակատարման համար և շատ ուրախ ենք, որ այս գործընթացն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԵՄ կողմից»,-ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է ավելին տրամադրել, բայց նախ և առաջ պետք է լինի հայտ՝ կառավարության, առողջապահության նախարարության կողմից: «Բացի այդ, քաղաքացիները պետք է շարունակվեն պատվաստվել, այլապես դեղաչափերի տրամադրումը, որը պիտի չօգտագործվի, իմաստ չունի»,-հավելեց նա:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ովքեր դժվարին ամիսներին եղել են Հայաստանի կողքին և ոչ միայն պատվաստանյութերի տրամադրման, այլև տեխնիկական օժանդակության համար, որը թույլ տվեց առավել արդյունավետ կազմակերպել քովիդի հակազդման գործընթացը: «Այսօր ՀՀ կառավարությունը մեր գործընկերների աջակցությամբ ապահովել է իր բնակչությանն անհրաժեշտ պատվաստանյութերով: Դեռևս կորոնավիրուսային հիվանդությունը մոլեգնում է աշխարհով մեկ և երբեք չենք կարող ասել, որ ավարտված է այդ ամբողջ պանդեմիան: Կոչ եմ անում մեր բնակչությանը այցելելով առողջապահական առաջնային օղակներ ստանալ հասանելիք պատվաստանյութը, որը այդքան դժվարությամբ բերվել է Հայաստան»,-ասաց նա: