Հասարակական

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան  Ջոն Գալագերին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան  Ջոն Գալագերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարար Փիլոյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանը:

«Բարձր գնահատելով հանատեղ իրականացված ուսումնական ծրագրերը՝ Ա. Փիլոյանը մասնավորապես նշել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ 2014թ. մինչ օրս ՀՀ ԱԻՆ INSARAG չափանիշներին համապատասխան հիմնական և պահեստային թիմերի և ԱԻՆ աշխատակիցների համար իրականացվող անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների արդյունավետությունը: Հաջողված փորձից ելնելով նախարարն առաջարկել է ընդլայնել անգլերենի ուսուցման ծրագրի շրջանակը:

2020-2022թթ. Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամ»-ի (UK CSSF) ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Արտակարգ իրավիժակների նախարարության հետ համատեղ, «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում 55 հանրակրթական դպրոցների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ։ 55 հանրակրթական դպրոցներից 29-ում անցկացվել են աղետների ռիսկի կառավարման տարաբնույթ թեմաներով դասընթացներ: Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է վերոնշյալ դպրոցներում անցկացնել ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է դիտարկել նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և Բրիտանական երկրաբանական ծառայության միջև համագործակցության ծավալման և համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը:

Նշվում է, որ դեսպան Ջոն Գալագերին իր հերթին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ քննարկման դնել ոչ միայն գործող ծրագրերի շարունակականության, այլև համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում