ԳՅՈՒՄՐԻ,9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի նոյեմբեր ամսից Լեհաստանի Հանրապետության ԱԳՆ-ի «Polish Aid» զարգացման և մարդասիրական օգնության ծրագրի ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկել է «Կառուցենք տներ, ոչ պատերազմին» (Make Home Not War) անվամբ բարեգործական ծրագիրն՝ ուղղված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած և մշտական բնակության վայրից զրկված անձանց օգնությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացվում է լեհական «Klaster Innowacji Społecznych» ՀԿ-ի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից։
Ծրագրի ղեկավար Դավիթ Մոսոյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված այն ընտանիքները, որոնք պատերազմում ունեցել են զոհ կամ տուժած (վիրավոր) և բնակություն են հաստատել Արարատի ու Կոտայքի մարզերում:
Իսկ Սյունիքի մարզի պարագայում շահառու կարող են դառնալ ամենախոցելի բազմանդամ այն ընտանիքները, որոնք սահմանամերձ գյուղերից են և ունեն բնակարանաշինության խնդիր։
«Ըստ լեհական կառավարության պահանջների՝ վերականգնվող տները պետք է պատկանեն շահառու ընտանիքներին կամ տրված լինեն նրանց երկարաժամկետ բնակության համար, քանի որ նվիրատվություն շինանյութի արժեքը մեծ է: Շուրջ 1 000 000 զլոտի բյուջե ունեցող ծրագրի շրջանակներում 30 ընտանիքի կտրամադրվի առավելագույնը 6000 եվրոյին համարժեք շինանյութ, շինարարական գործիքներ և մասնագիտական աջակցություն՝ կենցաղային պայմանները բարելավելու նպատակով՝ կախված ընտանիքի բնակարանի վիճակից և պայմաններից»,-տեղեկացրեց պատասխանատուն՝ հավելելով, որ ծրագիրը ներկայացնելուց հաշվի է առնվել այն փաստը, որ մեզ մոտ մարդասիրական ծրագրերի մեծ մասն ունեն ավելի լայն ընդգրկվածություն, բայց՝ օժանդակության փոքր չափ:
Այժմ ավարտվել է ծրագրի 25 շահառու ընտանիքի (19-ը` Արարատի, և 6-ը` Կոտայքի մարզերից) վերջնական ընտրությունը և ընթանում է շինանյութերի մատակարարման ու ակտիվ շինարարական աշխատանքների փուլը։
Ծրագրի ավարտ նախանշվում է 2022թ-ի վերջը: Շինարարական աշխատանքներին զուգահեռ ընթանում է նոր ընտանիքների հայտերի ընդունումը, որը կսկսվի ապրիլ ամսից Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ընտանիքների համար:
Ընտրությունը կատարվելու է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում։
Արմենուհի Մխոյան