Հասարակական

ԵՊՀ-ն ու FAST հիմնադրամը կհամագործակցեն. նորարարական մոտեցում՝ ուղղված Հայաստանում գիտության հզորացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն ու FAST հիմնադրամը կհամագործակցեն. նորարարական մոտեցում՝ ուղղված Հայաստանում գիտության հզորացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը փետրվարի 25-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր, որով հաստատում են իրենց գործակցությունը գիտնականների աջակցման «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի երկու հետազոտական նախագծերի համաֆինանսավորման և իրականացման շուրջ:

Հանդիպմանը մասնակցել եին ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը և FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, հիմնադրամի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը և Հետազոտության առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։

«ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ երկու կառույցների միջև փոխգործակցությունը շատ կարևոր է Մայր բուհի համար: Նրա խոսքով, վաղուց արդեն հաստատված համագործակցությունը, որն այսօր ամրագրվում է իրավաբանորեն, վստահաբար կարևոր արդյունքներ է գրանցելու:

Ռեկտորը հույս հայտնեց, որ այս համաձայնագրի ստորագրումն ազդակ է հանդիսանալու գործարար և մասնավոր այլ կազմակերպությունների համար՝ աջակցելու բուհերին և համագործակցելու դրանց հետ՝ խթանելով Հայաստանում կրթության և գիտության զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արմեն Օրուջյանը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ռեկտորին վստահության և համագործակցության համար: Նա հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում կիրագործվեն բազմաթիվ հետազոտական ծրագրեր:

««ADVANCE» ծրագրով մենք նպաստում ենք համակարգային փոփոխությանն ու ինստիտուցիոնալ ուժեղացմանը, որի իրագործման համար կարևոր բաղադրիչ են բուհերի հետ համագործակցությունը, համալսարանների ներուժի զարգացումն ու գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, որպեսզի գիտնականների նոր սերունդը ևս հաղորդակից լինի առաջատար փորձին»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

Ըստ աղբյուրի՝ ստորագրված համաձայնագրով իրագործվելու են մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող երկու հետազոտական նախագծեր, որոնք համապատասխանաբար ղեկավարում են Փարիզի տնտեսագիտության, վիճակագրության և ֆինանսների բարձրագույն դպրոցի (ENSAE) տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի (CREST) տնօրեն, պրոֆեսոր Առնակ Դալալյանը և Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանը:

Համաձայնագրով նախատեսվում է հետագայում «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնել հետազոտական նոր նախագծեր:

«ADVANCE» դրամաշնորհային ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապեր հաստատելուն, ինչը հնարավորություն կընձեռի նոր խմբեր ձևավորելու և աշխատելու նորարարական միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում