Podcast-FinInForm. Անգամ 15 հազար դրամով կարելի է դառնալ բանկի բաժնետեր. ինչ է տալիս քաղաքացուն բաժնետոմս գնելը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքացիները կարող են բաժնետոմսեր գնել բանկերից և դառնալ բանկի բաժնետեր, կան բաժնետոմսեր, որոնք անգամ կարելի է ձեռք բերել 15 հազար դրամով: «Արմենպրես»-ի Podcast-FinInform-ի շրջանակում բանկերից քաղաքացիների բաժնետոմս ձեռք բերելու հնարավորությունների մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի հետ:

Բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը ենթակա են ազատ առք ու վաճառքի: Բաց բաժնետիրական ընկերություններն իրենց բաժնետոմսերը ցուցակում են ֆոնդային բորսաներում, որպեսզի հանրությանը հնարավորություն տան ներդրումներ կատարել իրենց բաժնետոմսերում, գնել և վաճառել այդ բաժնետոմսերը: Քաղաքացիների համար հասանելի են այն բանկերի բաժնետոմսերը, որոնք ցուցակվում են ֆոնդային բորսայում: Հայաստանում կա մի քանի բանկ, որոնց բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում և կարող են ազատորեն գնվել, վաճառվել:

«Այպիսով մի քանի բանկ կա Հայաստանում, որոնք հանրությանը առաջարկել են իրենց բաժնետոմսերը»,-ասում է Շահնազարյանը:

Այն բանկերը, որոնք հրապարակայնորեն առաջարկում են իրենց բաժնետոմսերը, տարբեր պարբերականությամբ թողարկում են բաժնետոմսեր:

Ո՞րն է նվազագույն գումարը, որով քաղաքացին կարող է բանկից բաժնետոմս գնել.

Մասնագետն ասում է, որ դա կախված է ամեն թողարկող բանկի բաժնետոմսերի արժեքից: Բանկն ինքը կարող է սահմանել այդպիսի շեմեր, նաև յուրաքանչյուր անձի կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի առավելագույն չափ:

«Եթե չեմ սխալվում, կան բաժնետոմսեր, որոնք կարելի է 10-15 հազար դրամով ձեռք բերել, խոսքը մեկ բաժնետոմսի մասին է: Բանկերի դեպքում մեծ մասնակցություն ձեռք բերելու դեպքում, օրինակ 10 տոկոսից ավելը ձեռք բերելու դեպքում պահանջվում է ԿԲ-ի նախնական համաձայնությունը: Դա գործիք է, որ բանկի բաժնետեր դառնան միայն, այսպես ասած, բարի համբավ ունեցող մարդիկ: Օրինակ, եթե անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտվել է նախկինում, ապա ԿԲ-ն կարող է թույլ չտալ նրան ձեռք բերել բանկում մեծ մասնակցություն»,-ասում է Շահնազարյանը:

Ինչ է տալիս քաղաքացուն բանկից թեկուզ փոքր չափով բաժնետոմս գնելը.

Անձը, որպես կանոն, բաժնետոմս ձեռք բերելով, նպատակ է հետապնդում եկամուտ ստանալու: «Այդ եկամուտը կարող է լինել կապիտալի հավելաճի տեսքով, երբ այն ավելի բարձր գնով վաճառի շուկայում կամ շահաբաժնի տեսքով, երբ ընկերության շահույթը բաշխվում է բաժնետերերի միջև: Այս առումով բաժնետիրոջ համար կարևոր է, որ հասկանալի լինի բանկի շահաբաժնային քաղաքականությունը, իսկ երկրորդային շուկայում վերավաճառելու համար էլ կարևոր է, որ լինի երկրորդային իրացվելի շուկա»,-ասում է Շահնազարյանը:

Սակայն, շահաբաժին տալու պարտականությունը ֆիքսված չէ. ընկերությունը պարտավոր չէ շահաբաժին վճարել, օրինակ բանկը կարող է ստանալ շահույթ, բայց որոշել, որ այդ շահույթը պետք է ուղղի իր գործունեության ընդլայնմանը, ոչ թե վճարի շահաբաժին: Սակայն, եթե շահույթն ուղղվի ընկերության գործունեության ընդլայնմանը, ապա դա ենթադրում է, որ կավելացնի բաժնետոմսերի արժեքը: Հետևաբար, այդ եկամուտը բաժնետերը կստանա շուկայում ավելի բարձր գնով վաճառելու միջոցով: Այսինքն՝ եկամուտ վճարելու հստակ ֆիքսված պարտականություն և ժամկետ չկա: Սա կախված է բաժնետերերի ժողովի որոշումից:

Բանկի բաժնետերը, բացի շահույթ ստանալու իրավունքից, իրավունք ունի նաև մասնակցել տվյալ բանկի կառավարմանը, որը դրսևորվում է բաժնետերերի ժողովում քվեարկելու ձևով: Օրինակ բաժնետերերի ժողովում կարող է քննարկվել խորհրդի անդամների ընտրության, հաշվետվությունների հաստատման կամ ընկերության վերակազմակերպման և լուծարման հարցեր: Բաժնետերն ունի ձայնի իրավունք և կարող է այս առումով մասնակցել նաև ընկերության կառավարմանը՝ իր մասնաբաժնին համապատասխան ձայներով: Եթե, օրինակ, քաղաքացին ունի բանկի թողարկած բաժնետոմսերի 10 տոկոսը, ապա քվեարկության ժամանակ ձայների 10 տոկոսն իրեն է պատկանում:

Իսկ, թե տնտեսված գումարն ավելի նպատակահարմար է ներդնել որպես ավա՞նդ, թե՞ ձեռք բերել բաժնետոմսեր, որի դեպքում ինչ ռիսկեր և առավելություններ կան, առաջարկում ենք լսել պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին