Հայաստանը «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի պատվավոր հյուրն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, և հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ, հանդիպում ունեցել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանն այս տարի, որպես պատվավոր հյուր, մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող ամենամյա հեղինակավոր այս փառատոնին՝ բացառիկ հնարավորություն ունենալով ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային ժառանգությունը։

Ըստ աղբյուրի՝ «Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրում է որպես պատվավոր հյուր, և փառատոնի առանցքում լինում են հենց այդ երկրի ժառանգությունը, արհեստն ու արվեստը, մշակույթն ու ավանդույթները։ Փառատոնին հայկական տաղավարը ներկայանալու է տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո։

«Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանին որպես փառատոնի պատվավոր հյուր հրավիրելու համար։«Մեզ համար մեծ պատիվ է այս գեղեցիկ երկրում և այս հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուր լինել։ Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ԱՄԷ-ի հետ և հույս ունենք, որ սա մեր երկրների միջև այլ մշակութային ծրագրի մեկնարկ կլինի,-ասել է Նունե Սարգսյանը։-Մենք պետք է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հայաստանն այն գեղեցիկ երկիրն է, ուր արժե այցելել։ Կարծում ենք, հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում»։

Տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը կարող է շրջել նաև արաբական այլ երկրներում և ներկայացնել ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի արվեստն ու ավանդույթները, այլև՝ մշակութային և գիտակրթական ինստիտուտները, ինչպես, օրինակ՝ Մատենադարանը, պատմության, ժամանակակից արվեստի թանգարանները։

Տիկին Նունե Սարգսյանը Հայաստանի մասնակցությունը փառատոնին կարևորել է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և նշել, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև առավել քաջատեղյակությունը մեր երկրի մասին կարող է խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀնախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Աբդուլազիզ ալ-Մուսալլամը գոհունակությամբ է նշել, որ այս տարի հենց բարեկամ Հայաստանն է լինելու փառատոնի պատվավոր հյուրը.«Հայերն ու արաբները պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, և մենք միշտ վստահությամբ ենք վերաբերվում հատկապես հայկական մշակույթին, ավանդույթներին, ապրանքներին։ Մշակութային համագործակցության շրջանակում մենք սկսել ենք այս բանակցությունները հայկական կողմի հետ և ներկայացրել ենք Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր,-ասել է նա։- Շարժայի ղեկավարությունը հյուրընկալում է Հայաստանը՝ նրա բոլոր մշակութային ուղղություններով, ժառանգությամբ։

Հայաստանի տաղավարը ցուցադրության կենտրոնական հատվածում է, և մեր ցանկությունն է, որ այն լինի մի փոքր կտոր Հայաստանից: Կարծում ենք՝ այն շատ գրավիչ կլինի, քանի որ բոլորը ցանկանում են տեսնել հայկական ժառանգությունը և պատմությունը, գրավիչ կլինի արաբների և 200 տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, որոնք ապրում են ԱՄԷ-ում»։

Նշվում է, որ հանդիպմանը հայկական և էմիրաթական կողմի ներկայացուցիչները մասնավորապես քննարկել են փառատոնին Հայաստանի մասնակցության նախապատրաստական ընթացքի, ներկայացվելիք ոլորտների հետ կապված կազմակերպչական հարցեր։

Հայերեն العربية Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26