Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց 100-ամյա Սարիբեկ Արշակյանին

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անձամբ այցելել եւ շնորհավորել է Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր գյուղի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, կյանքի մեկ դարն արդեն բոլորած Սարիբեկ Արշակյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետին ուղեկցել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:

Սարիբեկ Արշակյանը տոնական բարձր տրամադրությամբ է դիմավորել հյուրերին, հպարտությամբ ներկայացրել իր կյանքի անցած ճանապարհը, ցուցադրել ստացած եւ մինչ օրս խնամքով պահպանած խրախուսանքներն ու մեդալները:

Մեծ Հայրենականի առաջին կարգի հաշմանդամության կարգ ունեցող Սարիբեկ պապը ներկայացրել է վերջին տարիներին հրատարակված «Մեծ Հայրենականի դեմքեր» գիրքը, որի մեջ առանձին էջով տրված էր նաեւ տեղեկատվություն իր մասին: Պատերազմի ավարտից հետո նա աշխատանքի է անցել հայրենի ծննդավայրում՝ մեծ ներդրում ունենալով գյուղատնտեսության բնագավառում: 100- ամյա հոբելյարն ամենուրեք գրանցել է աշխատանքային հաջողություններ։ Իրեն բախտավոր մարդ է համարում Սարիբեկ պապը, քանի որ շարունակում է վայելել շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը։ Նա կարդում է, հետաքրքրվում քաղաքական անցուդարձով, այցելում հարեւաններին, մեկ-մեկ էլ ոգելից խմիչք է օգտագործում: Սարիբեկ Արշակյանը 8 տարի առաջ կորցրել է 88-ամյա տիկնոջը: Հիացմունքով է խոսում իր 5 զավակների եւ 65 թոռների ու ծոռների մասին, հպարտանում Աստղաձորում, Հայաստանում եւ Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ապրող իր հարազատներով:

«Ձեր այցով դուք ինձ ուրախություն պարգեւեցիք: Ես երջանիկ մարդ եմ ինձ համարում։ Շնորհակալ եմ, որ այսօր այցելել եք ինձ եւ իմ ծննդյան օրվա առիթով շնորհավորում եք իմ մեկդարյա հոբելյանը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի ղեկավարներին, ովքեր ձգտում են մեղմել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար» ,- ասաց Սարիբեկ պապը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շնորհավորեցին հոբելյարին՝ Ամանորի և 100-ամյա տարեդարձի առթիվ եւ նվերներ հանձնեցին՝ մաղթելով նրան առողջություն եւ երկար տարիների կյանք:

Հրաժեշտից առաջ մարզպետ Կարեն Սարգսյանը Սարիբեկ պապին առաջարկել է՝ դադարեցնել ծխախոտ օգտագործել։ Ապա նրանք պայմանավորվել են՝ հանդիպել 1 ամիս անց, որպեսզի համատեղ նշեն Սարիբեկի չծխելու միամսյակը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/10/26