«Գյուրջիև» համույթը հյուրախաղերով աշխարհին է ներկայացրել հայկական երաժշտությունը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Գյուրջիև» համույթը, որն աշխարհին է ներկայացնում Գեորգի Գյուրջիևի և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ, 2021 թվականը եզրափակել է արտասահմանյան հյուրախաղերով: Համույթը հանդես է եկել Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի հեղինակավոր բեմահարթակներում՝ արժանանալով բուռն ծափողջույնների:
Հյուրախաղերի մեկնարկը տրվել է Նիդերլանդների ամենահայտնի փառատոններից մեկի՝ «November Music»-ի շրջանակում:
Հյուրախաղերի, առաջիկայում թողարկվող սկավառակի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի հետ, որն ընդգծում է՝ հրաշալի են անցել բոլոր համերգները, սակայն հատկապես կարևորում է Հունգարիայի «Müpa Budapest» համերգասրահում կայացած երեկոն, որի շրջանակում համույթընհանդես է եկել «Բարտոկ և Կոմիտաս» ծրագրով:
Հնչել են Բելլա Բարտոկի 1930-ականներին գրի առնված ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերից:
Էսկենյանն ընդգծում է՝ շատ կարևոր համերգ է եղել, քանի որ քաղաքական երանգ է ունեցել: Նա հիշեցնում է, որ Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:

«Սա մեր համույթի երկրորդ ելույթն էր Հունգարիայում: Տարիներ առաջ կոմիտասյան ծրագրով էինք ներկայացել: Լրատվամիջոցները հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերել, իսկ այս համերգին հնչեցրինք Բարտոկի կողմից գրի առնված երաժշտությունը մի ալբոմից, որը կոչվում է «Թուրքական ժողովրդական երաժշտություն», բայց այդ սկավառակում կան հայկական գործեր, որոնք Բարտոկը Արևմտյան Հայաստանից է գրի առել: Դրանցից է օրինակ՝ «Լե լե յաման»-ը, Վարդան գյուղից, Սեբաստիայից, Ադանայից գրի առնված ստեղծագործություններ»,-տեղեկացնում է Էսկանյանն ու շեշտում, որ Բարտոկը 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, և իրենք հաճախ են զուգահեռներ անցկացնում նրա և Կոմիտասի միջև՝ նշելով, որ երկուսն էլ նույնատիպ աշխատանք են կատարել՝ հավաքագրելով ժողովրդական երաժշտությունը՝ փորձելով ստեղծել նոր լեզու դասական երաժշտության մեջ:
Էսկենյանի խոսքով՝ նույնիսկ հունգարացիները չգիտեն, որ Բարտոկը եղել է Արևմտյան Հայաստանում և հավաքել է հայկական երաժշտությունը, ինչը նրանց համար շատ հետաքրքիր նորություն էր: Լրատվամիջոցներն անդրադարձել են այդ հարցին, որը մասսայական հետաքրքրություն է առաջացրել, հրապարակվել են հոդվածներ, որոնք անգամ քաղաքական թեքում են ունեցել:
«Հավանաբար, Բարտոկի սկավառակի վերնագիրը սխալ է, և գուցե ժամանակն էր վերանայել, փոխել այն, հասկանալ, թե ինչու է այդպես կոչվել, եթե սկավառակում ներառված են տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված գործեր: Բարտոկը չի նշում, որ նաև հայկական երաժշտություն կա: Գուցե նա էլ չգիտի, քանի որ գրել է այն, ինչ իրեն են ներկայացրել»,-նշում է Լևոն Էսկենյանը: Նա կարծում է, որ պետք է յուրաքանչյուր առիթ օգտագործել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու համար, քանի որ նրանք հակված են քայլեր անելու և շատ հետաքրքրված են հայկական մշակույթով:
Համերգային շրջագայության ավարտից հետո համույթն սկսել է իր երրորդ սկավառակի ձայնագրությունները, որը թողարկելու է գերմանական հանրահայտ ECM records-ը: Ալբոմում զետեղվելու են Գյուրջիևի, Ջիվանիի, Սայաթ-Նովայի, Բաղդասար Դպիրի ստեղծագործությունները:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի