7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանանգետում Քրիստոսի մկրտությունը։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին:
«Արմենպրես»-ի փոդքաստ տաղավարում տոնի խորհրդի և նշանակության մասին զրուցելու ենք առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե Քահանա Հայրապետյանի հետ:
Սուրբ Ծնունդը մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները, սովորաբար դեկտեմբերի 25-ին: Այն քրիստոնյաների ամենասիրված և ամենասպասված տոնն է: Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին: Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Հունվարի 5-ի երեկոյան, պատարագից հետո, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդում է մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Ճրագալույցի Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, ծոմով մասնակցում Սուրբ պատարագի և հաղորդություն ստանում: Պահոց ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ին և շարունակվում հաջորդ օրը: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը արտասանելով «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի»:
Պատարագից հետո կատարվում էրՀորդանան գետումՔրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որ հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։
Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն և բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
Իսկ տոնածառը, որ այդ օրերին մեր տներում գլխավոր զարդարանքն է համարվում, խորհրդանշում է դրախտի կենաց ծառը, որի վրա պիտի փայլի Բեթղեհեմյան աստղը, և մենք՝ իբրև մոգեր, Քրիստոսին մեր ընծաները պիտի բերենք խաղալիքների տեսքով, որոնք զարդարում են տոնական ծառը։
Հիսուսի ծննդյան պատմությունն այսպիսին է.
-Հիսուսի մայր Մարիամը, ով Հովսեփի նշանածն էր, հղիանում էՍուրբ Հոգուց։ Հովսեփը սկզբում ցանկանում էր բաժանվել Մարիամից, բայց երազում հրեշտակը նրան ասում է, որ պետք է Մարիամին որպես իր կին ընդունի, և այդ երեխան պետք է լիներ Աստծո որդին, ում պիտի անվանենՀիսուս, ով էլ հավերժ պիտի ղեկավարերԻսրայելը։։ Հովսեփն արթնանում է և անում այնպես, ինչպես հրեշտակն էր ասել։
Երբ մոտենում է Հիսուսի ծնվելու ժամանակը, հռոմեացի կայսր Օկտավիանոս Օգոստոսը հրամայում է ամբողջ աշխարհով մարդահամար անցկացնել, որպեսզի հարկահավաք կատարվի: Եվ Հովսեփը, վերցնելով Մարիամին, մեկնում է Բեթղեհեմ։
Երբ Սուրբ Կույսի հղիության օրն է հասնում, ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, և նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում , ուր էլ լույս աշխարհ է գալիս մանուկ Հիսուսը:
Աստծո Որդին մի մութ քարայրում, աղքատության մեջ է ծնվում, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան երկրպագելու են գալիս հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակիհայտնությունից. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»:
Այնուհետև արևելքից գալիս են մոգեր, որոնց մի աստղ էր առաջնորդել, և երկրպագում են Մանուկին: Նրանք ընծաներ են նվիրաբերում՝ ոսկի,խունկ,զմուռս: Ոսկին նվիրում են իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մարդկության համար ինքնակամ մեռնողի։
Իմանալով Մեսիայիծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր Հերովդեսը հրամայում է սպանել բոլոր մինչև երկու տարեկանը լրացած մանուկներին ։ Բայց Հիսուսը հրաշքով փրկվում է, քանի որ հրեշտակը Հովսեփին երազում հայտնվելով հրամայում է ընտանիքի հետ փախչել Եգիպտոս, որտեղ էլ նրանք ապրում են մինչ Հերովդեսի մահը:
Այս գիշեր մեզ համար հրաշքների գիշեր է ։ Երկնքի և երկրի միաձուլմամբ Աստված է ծնվում։ Եվ հենց այս օրն է, որ մարդիկ, երազանքներ պահելով, հավատում են, որ Աստված շատ մոտ է, և հրաշք պիտի տեղի ունենա։ Այսօր Աստծո մեծագույն սիրո նշանն է մարդու նկատմամբ, քանի որ նա իր որդուն մարդու որդի կոչեց: Աստված այնքան սիրեց բոլորին, որ իր միածին որդուն տվեց հանուն փրկության: Եվ իշխանություն տալով ամենքին կոչեց Աստծո որդիներ։
Այս օրը սկիզբ է վերափոխվելու՝ իրապես Աստծո արժանի որդի կոչվելու ճանապարհին: Գիտակցելու, որ այն ինչ անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար։
Աստված եկավ մեր մեջ խաղաղություն հաստատելու Քրիստոսի ծնունդով։ Իսկ հրեշտակները ավետեցին., «Փառք Աստծուն բարձունքներում, խաղաղություն երկրի վրա և հաճություն մարդկանց միջև»: Խաղաղության և սիրո ավետիս բերող Փրկիչ Հանապազ թող մեր կյանքում ներկա լինի Ամեն:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի:
Տաթև Զաքարյան