Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վայլդբերիզ» ընկերության գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վայլդբերիզ» ընկերության գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ողջունելով «Վայլդբերիզ»-ի գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը, և պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:

Տատյանա Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում «Վայլդբերիզի» միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛ Հայաստանից կատարվող էլեկտրոնային առևտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ հաջորդ տարի «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացման և էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է «Վայլդբերիզ» ընկերության զարգացման ծրագրերը և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում