Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՌԴ փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երևանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի 20-րդ նիստի անցկացումը և հաջող ընթացք մաղթել հանձնաժողովի աշխատանքներին:

ՌԴ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ այս տարվա ընթացքում երկկողմ շփումները բավական ինտենսիվ են եղել. Հայաստան են այցելել մի շարք գործարար առաքելություններ, ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք մեծապես հետաքրքրված են աշխատել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են 2021թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին և գոհունակությամբ նշել այդ ուղղությամբ աճի արձանագրումը:

Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացման, ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համալիր ջանքերի գործադրումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում