Հասարակական

Ադրբեջանը ստում է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ է դարձել ձայների բացարձակ մեծամասնությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջերս ադրբեջանական լրատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում էր տեղեկատվություն առ այն, որ Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Այս հայտարարությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում և փորձեր են՝ փրկելու Ադրբեջանի արմատավորվող բացասական իմիջը՝ կապված Արցախի՝ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման բացահայտ դեպքերի հետ, որոնց մասին Հայաստանի իշխանությունները՝ ԱԳՆ և տարբեր այլ մակարդակներով, բազմիցս հայտարարել են, ինչպես նաև փաստարկված համապարփակ տեղեկատվություն ներկայացրել համապատասխան միջազգային հարթակներում։

Հարկ է նշել, որ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության (1999թ.) կողմ հանդիսացող յուրաքանչյուր երկիր իրավասու է ներկայացնել թեկնածություն՝ 4 տարի ժամկետով անդամակցելու արձանագրության միջկառավարական կոմիտեին։ Ընդ որում, արձանագրությամբ նախատեսված չէ կոմիտեին անդամակցության որևէ սահմանափակում, այդ թվում՝ երկրի վարքագծի, իրականացվող քաղաքականության կամ այլ դրդապատճառներով պայմանավորված։ 2021թ. սույն կոմիտեում առկա 6 թափուր տեղերը համալրելու համար թեկնածություն էր ներկայացրել 6 երկիր։

Հաշվի առնելով, որ առաջադրված թեկնածուների քանակը համապատասխանում էր առկա թափուր տեղերի քանակին, համաձայն ընթացակարգի, ընտրությունները համարվել են ոչ մրցակցային, և Ադրբեջանը, առաջադրված մյուս թեկնածու երկրների հետ միասին, դարձել է կոմիտեի անդամ առանց ընտրությունների անցկացման։ Հետևաբար, ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, որ դարձել է կոմիտեի անդամ ձայների բացարձակ մեծամասնությամբ, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանը եղել է այս կոմիտեի անդամ 2013թ-ից ի վեր՝ վերընտրվելով 2017թ-ին։ Հայաստանն այս տարի թեկնածություն չի ներկայացրել կոմիտեին անդամակցելու համար՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երկիր կարող է անընդմեջ կոմիտեի անդամ լինել առավելագույնը 8 տարի։

Հարկ է ընդգծել նաև, որ կոմիտեի՝ 2020թ. դեկտեմբերի 10-11-ին կայացած նիստի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է որոշում 1954թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության շրջանակներում արտակարգ իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով արագ արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ: Արդյունքում, ստեղծվել է Կոմիտեի աշխատանքային խումբ, որն այժմ քննարկումներ է իրականացնում նման մեխանիզմների մշակման նպատակով։ Միաժամանակ, նույն նիստի ընթացքում կոմիտեի կողմից միաձայն ընդունվել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հնարավորինս արագ կազմակերպման վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը սույն կոմիտեում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021թ. նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքները փորձում է ներկայացնել որպես միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ցուցաբերված անվերապահ վստահության և աջակցության ցուցանիշ, հարկ է նկատել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի ընտրություններում Հայաստանը ստացել էր Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում առավելագույն ձայների քանակ՝ առաջ անցնելով Լիտվայից, Ադրբեջանից և Ուկրաինայից։

Ժակլին Արզումանյան

Հայերեն Русский

Երևանը և իտալական Բարի քաղաքը հոկտեմբերի 26-ից կկապվեն ուղիղ չվերթով

Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում ավելի քան 100 մարդու կյանք են խլել

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին

Վատիկանում ավարտվել է քվեարկության ևս մեկ փուլ՝ առանց նոր պապի ընտրության

2018-ից հետո ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվություն չունենք․ գլխավոր դատախազ

Հայաստանում հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային

Մեր քաղաքական ամոթն է, որ որոշ մարդիկ դեռ բանտում չեն. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանի