Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև՝ Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:

Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:

Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում