Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Յանեզ Յանշան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Յանեզ Յանշան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին ԵՄ-ում նախագահության շրջանում ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությանը նպաստելու և համատեղ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու համար: Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու գործընկերությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Սլովենիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և շեշտել, որ դրանք կրելու են հետևողական ու հաստատական բնույթ:

Յանեզ Յանշան ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը` հավելելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը նոր ազդակ կարող են հաղորդել կապերի ամրապնդմանը: Սլովենիայի վարչապետի խոսքով` առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու կյանքի կոչմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում