Պաշտոնական

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելել է Կատարի «Համադ» հիվանդանոց

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելել է Կատարի «Համադ» հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Կատարում այցելել է «Համադ» հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հիվանդանոցի գործադիր տնօրեն Աբդուլահ Ալ Անսարին տիկին Նունե Սարգսյանին Ներկայացրել է բժշկական հաստատության գործունեությունը: Նա նշել է, որ «Համադ» բժշկական կորպորացիան՝ HMC-ն, կառավարում է 14 հիվանդանոց, որոնք, համատեղելով նորարարական հետազոտությունները, բարձրակարգ կրթությունը և գերազանց կլինիկական խնամքը, մատուցում են որակյալ և ժամանակակից բժշկական ծառայություններ:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցի ղեկավարությունը, նշելով, որ «Համադ» հիվանդանոցում աշխատում են նաև հայեր, հատկապես բարձր է գնահատել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի ներդրումը Կատարի առողջապահական համակարգում, և մասնավորապես «Համադ» հիվանդանոցի զարգացման մեջ:

Հիվանդանոցի ղեկավարության հետ զրույցում տիկին Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Կատարը, լինելով փոքր երկրներ, ձգտում են հաջողության:«Մենք ցանկանում ենք հաջողակ լինել բժշկության, տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում,- ասել է Նունե Սարգսյանը:-Ցանկանում ենք դառնալ աշխարհի փոքր, բայց հաջողակ երկրներից, ինչպիսին Կատարն է: Ուրախ կլինենք բուժանձնակազմի, ուսանողների, ինչպես նաև փորձի և գիտելիքի փոխանակում իրականացնել հատկապես առողջապահության կառավարման ոլորտում»:

Այցի ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելության և փոխգործակցության ուղղությունների հստակեցման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում