Ձմեռնամուտի համերգ. «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայաստանյան պրեմիերաներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգ»-ին Հայաստանում կհնչեն Գ. Հոլսթի, Պ.Հինդեմիթի, Դ.Լիգետիի, Վ.Տորմիսի, Ա.Պյարտի, Վ.Բուխենբերգի, Մ.Օստրժիգայի ստեղծագործությունները, որոնք մեր երկրում առաջին անգամ են կատարվելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«20-րդ դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային երաժշտության յուրատեսակ էքսկուրս է լինելու։ Նրանք ստեղծագործել են նույն ժամանակաշրջանում, սակայն խոսել են «տարբեր» լեզուներով, տարբեր մտածողությամբ ու մոտեցումներով», - նշում է խմբավար Նարինե Ոսկանյանը։
Համերգի առանձնահատկություններից մեկը լեզուների բազմազանությունն է.հնչելու են գործեր ֆրանսերենով, անգլերենով, լատիներենով, ինչպես նաև հունգարերենով և էստոներենով։
Համերգը նվիրված է Երևանի պետական կոնսերվատորիայի 100-ամյակին։