Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման ու կաշառք ստանալու համար հոգեբուժարանի բուժաշխատողներ են կալանավորվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. Ապրիլի-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, կենտրոնի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։

«Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021թ. Ապրիլ-հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Դատախազություն

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը

ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան