Հասարակական

Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի ամբողջ նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հանգրվանին հասնելն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել խաղաղության համաձայնագիր և այս դեպքում որն է Հայաստանի պատասխանը։

Փաշինյանն էլ պատասխանեց, որ Հայաստանն էլ Ադրբեջանին է առաջարկել և առաջարկում կնքել խաղաղության պայմանագիր։

«Սա նոր բան չէ: Մինչև այսօր էլ, մեզնից առաջ էլ գոյություն ունեցած բոլոր բանակցային փաթեթներում բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասաց վարչապետը։

Երկրի ղեկավարը նշեց, որ իր համար տարօրինակ է, երբ Ադրբեջանն ասում է, թե իրենք Հայաստանին առաջարկում են խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Հայաստանից արձագանք չկա: Ըստ վարչապետի՝ Հայաստանից ոչ միայն արձագանք կա, այլև տասը անգամ այս մասին խոսել են, այնպես չէ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն է:

«Երբ մենք խոսում ենք բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու մասին, և երբ ներգրավված ենք բանակցային գործընթացի մեջ, մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որին պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը: Դա բավականին ծավալուն գործընթաց է, և մենք երբեք չենք հրաժարվել այդ աշխատանքը կատարելուց և, ընդհակառակը, միշտ էլ պատրաստակամություն են հայտնել և դա համարում ենք նաև մեր օրակարգը»,-եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում