Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բարձր է գնահատվել մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:

ԱԺ նախագահն ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական օրակարգի կարեւորությունը՝ փաստելով, որ մեր երկիրը շարունակելու է շարժվել այդ օրակարգով:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրողություններին առնչվող հարցեր, Հայաստանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենսդրական բարեփոխումներին վերաբերող թեմաներ:

Առանձնակի կարեւորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումը:

Համազեկուցողները տեղեկացրել են, որ քննարկումներ են ունեցել հայաստանյան գործընկերների հետ՝ առանձնացնելով փոխգործակցության որոշ առաջնահերթություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը:

Մտքեր են փոխանակվել խորհրդարանում լրագրողների աշխատանքի շուրջ:

Անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ՝ իշխանություն-ընդդիմութուն խորհրդարանական ձեւաչափի ներկա վիճակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում