Պաշտոնական

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում նախագահական նստավայրում տեղի է ունեցել դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը

3 րոպեի ընթերցում

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում նախագահական նստավայրում տեղի է ունեցել դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում՝ Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, հոկտեմբերի 4-ի երեկոյան տեղի է ունեցել գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, գիտաժողով-փառատոնի կազմակերպիչ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը խորհրդանշական է համարել գիտաժողով-փառատոնի համերգներից մեկը Հանրապետության նախագահի նստավայրում անցկացնելը, քանի որ Կոմիտասի պատմական դերակատարությունը հայ ժողովրդի համար ենթադրում է իր ժառանգության արժևորում՝ պետական ամենաբարձր մակարդակով։«Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դաշնամուրային երեկոյի կազմակերպումը մեր ինքնության այդ մեծ խորհրդանիշի՝ Կոմիտաս երևույթի հանդեպ պետական ամենաբարձր հովանավորչության արտահայտությունն է»,- նշել է Նիկոլայ Կոստանդյանը։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Սարգսյանը, ողջունելով կազմակերպիչներին և հյուրերին, մեծ պատիվ է համարել նախագահական նստավայրում Կոմիտասին նվիրված համերգը հյուրընկալելը:«Երբ խոսում ես Կոմիտասի մասին, ապա առաջին միտքը, որ գալիս է՝ մեր ազգային ինքնությունն է։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում հսկայական ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Իհարկե, այդ ներդրման հիմքում միշտ մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ով լինելն է,-նշել է նախագահ Սարգսյանը:-Կոմիտաս վարդապետը կարողացավ հանճարեղ պարզությամբ նկարագրել հայկական ինքնությունը։ Եթե մեզնից յուրաքանչյուրը կասկած ունի այս կամ այն երաժշտական գործի հայկականության հետ կապված, կարծում եմ՝ շատ պարզ բանաձև կա՝ այդ երաժշտությունը լսելուց հետո միացրեք Կոմիտաս, և եթե ներդաշնակություն զգաք, ապա այդ երաժշտությունը հայկական է»։

Նշվում է, որ ՀՀ նախագահը հաջողություններ ու ստեղծագործական նվաճումներ է մաղթել տաղանդաշատ դաշնակահարուհի Դիանա Սահակյանին: Համերգին Դիանա Սահակյանի կատարմամբ հնչել են կոմիտասյան հայտնի մեղեդիներ, ինչպես նաև ստեղծագործություններ՝ համաշխարհային երաժշտական գանձարանից:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում