ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Չեխիայի ԱԳ նախարարը երկրի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ առկա է համագործակցության ընդլայնման չօգտագործված մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Յակուբ Կուհանեկի այցի արդյունքում այդ չօգտագործված ներուժից ևս մեկ բաժին կիրացվի: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Չեխիայի գործադիր մարմնին՝ Եվրոպական միության շրջանակում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համար:

Ըստ աղբյուրի՝ Յակուբ Կուհանեկը նշել է, որ Չեխիան ևս առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Չեխիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ինչը կնպաստի երկկողմ բիզնես կապերի խորացմանն ու համատեղ ներդրումային ծրագրերի քննարկմանը և իրականացմանը:

«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Եվրոպական միության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդեվրոյի ներդրումային փաթեթի կարևորությունը և վստահություն հայտնել, որ դրա շրջանակում նախատեսվող ծրագրերում ևս Հայաստանի ու Չեխիայի կառավարությունները կարող են սերտորեն համագործակցել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին ու դրանց կետերի իրականացմանը՝ նկատելով, որ ադրբեջանական կողմն ի հեճուկս ստանձնած պարտավորությունների՝ մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը և հիշեցրել, որ հայկական կողմն այս խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ:

Վարչապետը հավելել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը և ողջունել Նյու Յորքում ՄԽ համանախագահության շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Վարչապետը կարևորել է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Յակուբ Կուհանեկը Չեխիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և նշել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի ԱԳ նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիա այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը սիրով ընդունել է հրավերը և իր ջերմ ողջյունները փոխանցել Անդրեյ Բաբիշին:

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ