Պաշտոնական

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 30-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

«Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացվի նոր գաղափարներով և նախաձեռնություններով:

«Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը լուրջ հիմք են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն արժևորում է մեր երկրի համար ծանր ու դժվարին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունն ու համերաշխությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցության տարբեր ոլորտներին: Նախագահ Սարգսյանը հեռանկարային է դիտարկել գործակցությունը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական, կրթական զարգացման վրա: Համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան նաև ֆրանսիական մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:«Հայաստանը Ֆրանսիայի աջակցությամբ կարող է կառուցել ապագայի լոկոմոտիվները, դրանք տեխնոլոգիական լոկոմոտիվներն են»,-նշել է նախագահը:

Խոսվել է նաև կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, որոնց միջոցով, ինչպես նշել է դեսպանը, ֆրանսիական կողմը պատրաստ է Հայաստանում ներդնել իր փորձը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում