Հասարակական

Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Հանդիպման սկզբում, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արշակ Կարապետյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:

Նախարարը ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին և կարևորել Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հայերեն English Français Русский Türkçe